27/05/2017 15:51
Էստոնիան խորհրդակցություններ է անցկացնում ԻՊ-ի դեմ կոալիցիային մասնակցելու համար
Էստոնիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ու գործընկերների հետ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին մասնակցելու համար, հայտնում է«Интерфакс»-ը
«Էստոնիան արդեն խորհրդակցություններ է անցկացրել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ այլ գործընկերների հետ ԻՊ-ի դեմ պայքարի համար խոշոր կոալիցիայի ստեղծման վերաբերյալ», - ասել է երկրի պաշտպանության նախարար Մարգուս Ցախկնան Էստոնիայի հեռուստաընկերության եթերում։
Նա ընդգծել է, որ Էստոնիան այժմ մասնակցում է Իրաքում վերապատրաստման առաքելությանը՝ այնտեղ ուղարկելով 10 զինծառայողի։ Բացի այդ, խորհրդարանն այժմ քննարկում է այնտեղ ևս 5 հրահանգիչ ուղարկելու հարցը՝ բժիշկների և սակրավորների վերապատրաստման համար։
«Այժմ, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին որոշում է ընդունվել Իրաքում ԻՊ-ի դեմ գործողությունների ուժեղացման մասին, Էստոնիան պետք է քննարկի նաև մարտական ստորաբաժանում այնտեղ ուղարկելու հարցը։ Այդ թեմայով խորհրդակցություններն արդեն տարվում են», - ասել է նախարարը։