27/05/2017 13:42
Հայաստանում «Odnoklassniki»-ն առաջին տեղում է, «Facebook»-ը՝ 3-րդ
«Օդնոլկասնիկի» սոցիալական ցանցը, մյուս սոցիալական ցանցերի համեմատ, Հայաստանում առաջին տեղում է, այսօր «ԲարՔեմփ Երևան 2017»-ում հայտարարեց Mail-Group ընկերության միջազգային վաճառքի պատասխանատու Եկատերինա Երոշենկոն՝ ներկայացնելով կատարած հետազոտությունների արդյունքները:
Ռուսական մյուս ռեսուրսները՝ «Mail»-ը և «Վկոնտակտե»-ն, Հայաստանում համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերում են: Երոշենկոյի ներկայացրած տվյալներով՝ 2-րդ տեղում Հայաստանում Youtube-ն է, այնուհետև՝ Facebook-ը: «Տեսնում եք, անգամ Facebook-ն է երրորդ տեղում», - նկատեց Երոշենկոն:
Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում ռուսական «Վկոնտակտե» սոցիալական ցանցը առաջին տեղում է, «Օդնոկլասնիկի»-ն՝ 2-րդ:
Ռուս մասնագետի ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում համակարգչի միջոցով ինտերնետն օգտագործողների թիվն ավելի շատ է, քան՝ բջջայինի օգնությամբ: «Պետք է նշեմ, որ աշխարհում միտումը դեպի բջջայինն է: Իհարկե, համակարգչային լսարանը նույնպես աճում է, բայց այն աճում է մայրիկ-տատիկ-պապիկների հաշվին, իսկ ահա բջջային հեռախոսների լսարանը աճում է մեծ քայլերով և դա կշարունակվի», - ասաց Երոշենկոն:
Նրա խոսքով՝ Adroid և iOS համակարգով հեռախոսների միջև աճում են Android համակարգով հեռախոսներ օգտագործողները: