27/05/2017 19:59
Ամուսնու սպանության համար կնոջն առաջադրվել է մեղադրանք. նա ազատ է արձակվել
Վանաձորում Ճաճոյի Էդո անունով քրեական հեղինակության որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության համար հարուցված քրեական գործի շրջանակներում նրա կնոջը՝ Լիաննա Կարապետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով՝ «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը», այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նա ասաց, որ Լիաննա Կարապետյանի համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը, և նա ազատ է արձակվել։
Լիաննայի փաստաբան Ռուբեն Հակոբյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ իրենք չեն ընդունում մեղադրանքը և հետագայում կփորձեն հիմնավորել իրենց դիրքորոշումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Մարտիրոսյանը սպանվել էր հրազենի յոթ կրակոցով։ Լիաննա Կարապետյանը իրավապահներին էր հանձնել հրազենը և ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի կերպով զենք պահելը, կրելը): Նախաքննական մարմինը, փաստորեն, չի պնդել այս հոդվածներով ծանր մեղադրանքը։
Տարբեր տեղեկությունների համաձայն, ամուսինը կնոջը երկար տարիներ բռնության է ենթարկել՝ ծեծելով նրան։ Ավելին, սպանության օրը նույնպես կինը բռնության է ենթարկվել։