27/05/2017 12:00
Իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, նման բան չեղավ. Վարդան Հարությունյան
Ոչ միայն հարկայինում, այլև ընդհանուր համակարգում կրճատումներ են լինում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Դիտարկմանը, թե հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են լինում, Վարդան Հարությունյանն ասաց.
«Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Դա ոչ թե կախված է նրա հետ, որ նախկինում ուռճացված է եղել, նման բան չկա, ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»:
Վարդան Հարությունյանն ընդգծեց` քանի որ կառուցվածքային փոփոխությունները հիմա են իրականացվում, կրճատում որպես այդպիսին, դեռ չի եղել.
«Կան, որ աշխատանքից ազատվել են: Եթե չեմ սխալվում 200-ից ավելի հոգի»:
Դիտարկմանը, թե ասում են, որ ձեր կադրերին եք բերում ՊԵԿ համակարգ, Հարությունյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունները չեն հապատասխանում իրականությանը.
«Ոորովհետև իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան չեղավ, իրականում չկա նման աշխատակից»:
Անդրադառնալով նաև Բավրայի մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանն ասաց, որ եթե հանցագործություն է եղել, այն կատարած անձը պետք է պատժվի: