27/05/2017 12:11
Վերջին զանգի օրը ոչ մի ոչ մի վթար ու վրաերթ չի գրանցվել. Աշոտ Ահարոնյան
Վերջին զանգի արարողության ժամանակ երեկ ոչ մի վթար կամ վրաերթ չի գրանցվել, Facebook-յան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Մայիսի 26-ին հանրապետության ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Շրջանավարտների ևս մեկ սերունդ սկսեց ինքնուրույն ընթացքը կյանքում: Օրն իսկապես տոնական էր, և բարեբախտաբար որևէ պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց
տոնականությունը:
Արդյունք տվեց և՛ ոստիկանության աշխատանքը մանկավարժների ու ծնողների շրջանում, և՛ զրույցները շրջանավարտների հետ, և՛ հասարակական կարգի պահպանման ուժեղացված ծառայությունը զանգվածային միջոցառումների ժամանակ ու ժամանցի վայրերում, որ սկսվեց վաղ առավոտից ու շարունակվեց մինչև ուշ գիշեր, մինչև հանդիսությունների ավարտը, և՛ ճանապարհային ոստիկանների աչալրջությունը երթևեկության կարգի ու կանոնների պահպանման գործում:
Շնորհակալ ենք ծնողներին ոստիկանության հետ սերտ համագործակցության, զգոնության, ինչպես իրենց զավակների, այնպես էլ հանրային անվտանգության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի համար:
Արդյունքում՝ ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք:
Մայրաքաղաքում նույնիսկ «Վերջին զանգի» օրը անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ մարզերում այդ պատճառով ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված շուրջ հարյուր տրանսպորտային միջոցների տերերը, որոնք չեն անսացել ոստիկանության հորդորներին ու կոչերին, ինչպես և հայտարարվել էր, պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ
խստությամբ:
Հուսով ենք, որ հաջորդ «Վերջին զանգին» նման իրավախախտների թիվն ավելի փոքր կլինի, իսկ հանրային իրավագիտակցության աստիճանն՝ ավելի բարձր:
Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ», - նշել է նա։