27/05/2017 22:00
Քննիչի որոշմամբ ամուսնուն սպանած կնոջ և նրա բնակարանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կկիրառվեն
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ եւ լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Լոռիում ամուսնու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության համար և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն` չհեռանալու մասին
ՔԿ-ն տեղեկացնում է, որ քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան:
Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվակերից ամուսինը տեղում մահացել է:
Նշվում է նաև, որ միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները, քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: