28/05/2017 12:15
Ջարդ չկա, այդ ամենը շատ գեղեցիկ ձևով ենք իրականացնում. ԱԺ նախագահը՝ կրճատումների մասին
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ աշխատակազմում խորհրդականների ու օգնականների կրճատման մասին տեղեկությանը։
«ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա։ Եթե դուք հետագայում ծանոթանաք, ապա կտեսնեք, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, պարզապես այնտեղ, որտեղ ավելորդ հաստիքներ, շռայլություններ չկան: Մենք համաձայնեցրել ենք բոլոր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր պետք է դուրս գային, և այդ ամենը շատ գեղեցիկ ձևով իրականացնում ենք՝ չնեղացնելով մարդու անձը։ Այդ մարդիկ արժանի մարդիկ են, բանիմաց մարդիկ են: Միաժամանակ, կազմակերպությունը պետք է ունենա այնքան աշխատակից, որքան կարիք ունի», - նշեց նա:
Հարցին, թե արդյոք ԱԺ նախկին աշխատակազմում ուռճացում կա՞ր, Բաբլոյանը չպատասխանեց, միայն ասաց, թե ինքն իր համար ընտրում է այնքան թվով աշխատողներ, որքան հարկավոր է:
ԱԺ նախագահը, միևնույն ժամանակ, անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ԱԺ աշխատակազմից հեռացնելո՞ւ է պատգամավորների կամ նախարարների որդիներին, որոնք խորհրդարանում որպես խորհրդական կամ օգնական են աշխատում: