28/05/2017 13:18
Գազալցակայաններում ստուգումներ անելիս մեզ համար կարևոր չի լինելու, թե ում են պատկանում դրանք. Դավիթ Տոնոյան
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը այսօր Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է, որ նախարարությունը դժվարություններ չունի Հայաստանում գազալցակայանները ստուգելու հարցում։
«Մենք չենք դժվարանում ստուգումները սկսել, ուղղակի տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են պահանջվում, որպեսզի ճիշտ գործողություններ սկսենք։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե ստուգում, այլ վերահսկողություն», - այսօր հայտարարեց Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ ԱԻ նախարարությունը վերահսկելու է գազալցակայանների կատարված աշխատանքը և ստուգելու է, թե ինչ ճնշմամբ գազ է մատուցվելու սպառողին։
Նկատենք, որ, ըստ տարբեր դիտարկումների, գազալցակայաններում ստուգումները ուշանում են, քանի որ դրանք պատկանում են տարբեր պաշտոնյաների։ Մասնավորապես, «Ա.Գ.Լ.Ճ.Կ»-ն Գագիկ Ծառուկյանին է պատկանում։
Այս առնչությամբ Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես խնդրում եմ, թե ինչ մասնավոր սեկտորին է դա պատկանում, ես դրա վրա ուշադրություն չեմ դարձնում, որովհետև դա կարևոր չի լինելու մեզ համար»։
Նախարարն ասաց նաև, որ այն գազալցակայաններում, որոնցում կհայտնաբերվեն խախտումներ, դրանց աշխատանքը կդադարեցվի, մինչև դրանք չվերացվեն։