28/05/2017 11:36
Ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վստահում ա Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին. Սեյրան Սարոյան
Մեր ամբողջ ազգը կանգնած կռվել ա՝ մենակ զինվորականները չէ, ամբողջ ազգը, եկեղեցականները համախմբված կռվել են, միասնականության օր ա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մայիսյան հերոսամարտերին՝ հայտարարեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը։
Նրա խոսքով՝ մայիսի 28-ը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։
«Հոգու մեջ եթե հայրենիքդ չսիրես, հողդ չսիրես, ոչ մի բան չես կարա սիրես։ Մենք, չունենալով մեծ ռեսուրսներ, մենք, փառք Աստծո, գոնե մինիմումն ունենք», - հավելեց Ս. Սարոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե կարող էինք ավելին ունենալ, Սարոյանը արձագանքեց. «Իհարկե՚, հենց դրան ենք ձգտում։ Էսօր, որ փորձում ենք մեր կառավարությանը վստահենք, հավատանք, մեր, ասենք՝ Կարեն Կարապետյանին, որ իրանք, հենց էս ընտրություններին, որ ասենք՝ տնտեսությունը ղեկավարի վարչապետը, բայց անվտանգությունը՝ նախագահը ու կարևորն էն ա, որ ժողովուրդը հիմա երկու մեր լիդերներին էլ վստահում ա»։
Ճշտող հարցին, թե արդյոք ժողովուրդը վստահո՞ւմ է, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ընձի թվում ա՝ այո։ Ընտրությունները ցույց տվեցին, որ վստահում ա։ Էս անգամ էլ հո չե՞ն կարա ասեն՝ լցեցին, չգիտեմ՝ ինչ արեցին։ Չէ՚, երեխեք ջան։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր ժողովուրդը վստահում ա Հանրապետականին»: