28/05/2017 13:25
ՕՐՕ դաշինքը նորարար մոդել էր, որը ժողովուրդը չկարողացավ մարսել. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ չէ՝ Սեյրան Օհանյանը մտադի՞ր է քաղաքական նոր ուժ ստեղծել, թե՞ ոչ։
«Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք մոտ տասն օր առաջ, և նա ինձ նման հարցի մասին որևէ բան չի ասել։ Լավ կլիներ՝ այդ հարցն իրեն ուղղեիք», - այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նաև ասաց, որ տասն օր առաջ Սեյրան Օհանյանը Հայաստանում էր։
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո կատարած հետևություններին, Հովհաննիսյանն ասաց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իրենից նորարարություն էր ներկայացնում և այդ պատճառով էլ հայտնվեց իշխանությունների թիրախում։
«Ժողովուրդը չկարողացավ, ժամանակ չունեցավ մարսել, թե սա ինչ մոդել է։ Կարծում եմ, որ այս դաշինքը նորարար մոդել էր՝ երեք պաշտոնյաներ էին, որոնք ուշացած հասկացան, որ սխալ եղել է, եկան, կանգնեցին հարթակում», - ասաց Հովհաննիսյանը։