28/05/2017 10:34
Վանաձոր-Երևան ճանապարհին վթարի հետևանքով երեք մեքենա ամբողջությամբ այրվել է
Մայիսի 27-ին, ժամը 23:38-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ և կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Երևան հատվածի 11–րդ կմ-ին բախվել են «Hyundai Elantra» մակնիշի (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ա.), «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ 1971 թ. ծնված Վ. Հ.) և «Mercedes C-180» մակնիշի պետհամարանիշերով ավտոմեքենաները և բռնկվել:
«Hyundai Elantra» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների վարորդները և վերջինիս ուղևոր՝ 1981 թ. ծնված Դ. Մ.-ը, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:05-ին, մարվել՝ 00:15-ին: Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են: