28/05/2017 13:40
«Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը. վարչապետ
Այսօր երեկոյան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այն համարել է տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը։
«Պատահական չէ, որ այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունենում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Դա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ընդամենը մի քանի տարի անց իր մեջ ուժ ու կամք գտավ ստեղծելու իր անկախ պետությունը:
Եվ այսօր՝ 100 տարի անց, Ցեղասպանություն վերապրածների անունից փրկիչներին երախտագիտություն հայտնելը ու ուրիշներին օգնելն իսկապես չափազանց ոգևորիչ է և ապացուցում է, որ մենք հաղթած ու հաջողության հասած ազգ ենք:
Վստահ եմ, որ այս նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանը: