28/05/2017 09:27
Հայաստանում այսօր նշում են Առաջին Հանրապետության օրը
Հայաստանում այսօր տոն է, նշվում է Առաջին Հանրապետության օրը։
Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։
Անկախության հռչակման պահին Հայաստանի տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրին թուրքերի առաջխաղացումը և վերացրին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Սակայն ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել այսպես կոչված Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը` Էրիվանի և Էջմիածնի գավառները, որը կազմում էր 12 հազար քառ. կմ 1 մլն բնակչությամբ (ներառյալ փախստականները):
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրս բերում Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին` Ալեքսանդրապոլ (Գյումրի): 1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից:
Բայց 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը: Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում:
Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի խորհրդային հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
Այս հաղթանակների շնորհիվ Հայաստանը կարողացավ 600 տարի անց վերականգնել իր անկախությունը։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: