29/05/2017 13:16
Ուղևորները բողոքի ակցիա են կազմակերպել «Դոմոդեդովոյում» չվերթների ուշացման պատճառով
«Վիմ-Ավիա» ռուսական ավիաընկերության ուղևորները բողոքի ակցիա են կազմակերպել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ չվերթների զանգվածային ուշացումների պատճառով, հայտնում է Lenta.ru-ն:
Ուղևորները փակել են «Դոմոդեդովոյի» սպասասրահներից մեկը և արգելափակել տեղեկատվական կետերը: Նշվում է, որ հետաձգվել են ինչպես ներքին, այնպես էլ՝ միջազգային չվերթներ: Առավել շատ ուշացումը տևել է դեպի Թուրքիա և Կիպրոս չվերթների դեպքում:
Ուղևորների համաձայն՝ ուշացումների պատճառն ավիափոխադրողի ներկայացուցիչներն իրենց չեն բացատրել: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել ինքնաթիռներից մեկի անսարք լինելու պատճառով: Ուղևորներին տրամադրել են ջուր և սննդի կտրոններ, ընդ որում՝ հյուրանոցներում տեղավորել են միայն քչերին, մյուսները ստիպված են եղել գիշերել օդանավակայանում:
Կիրակի՝ մայիսի 28-ին, հետաձգվել են տարբեր ուղղություններով «Վիմ-Ավիա»-ի չվերթները: Առավելագույն ուշացումները տեղի են ունեցել Կիպրոսի Լառնակա քաղաքից՝ 11 ժամ, և Անթալիայից՝ 13 ժամ: