29/05/2017 13:20
Առաջարկվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի դրույքաչափը հավասարեցնել կառավարության աշխատակազմի ղեկավարի դրույքաչափին
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար պաշտոնը քաղաքական պաշտոնից վերածել հայեցողական պաշտոնի:
Հարցով հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ սա մի քանի նպատակ ունի:
«Նախ փորձում ենք, այս պահից սկսած, սահուն կերպով ապահովել սահմանադրական այն փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախարարների թիվը 18 պիտի լինի, իսկ մենք այսօր 19 ունենք: Դա նաև հնարավորություն կտա մինչև 2018 թվականի այն պահը, երբ նորընտիր նախագահը կնշանակվի, հասկանալ, թե այս կառուցվածքով որքանով արդյունավետ կգործի կառավարությունը», - ասաց նա:
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի դրույքաչափը հավասարեցնել կառավարության աշխատակազմի ղեկավարի դրույքաչափին:
«Ես պաշտոնի բերմամբ և՛ նախարար, և՛ աշխակազմի ղեկավար, և՛ պատգամավոր եմ եղել և այդ ծանրաբեռնվածությունը հասկանում եմ: Եթե մեր ընթացքը դեպի կառավարման պառլամենտական ձև է, ապա տրամաբանական է, որ երկուսն էլ, գտնվելով նույն իրավիճակում, հավասարվեն: Եթե սրա վերաբերյալ կա դիրքորշում և դա ընդունելի է, ապա խնդրում եմ ասեք՝ այս առաջարկությունը կդնե՞ք քվեարկության», - հետաքրքրվեց Հրայր Թովմասյանը:
Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ նման առաջարկ ստացվել ու քննարկվել է.
«Ճիշտ է՝ բյուջում նախատեսված չէ ձեր առաջարկով պայմանավորված ֆինանսական բեռը, սակայն տարբերությունն այնքան փոքր է (խոսքը ամսական 132 հազար դրամի մասին է), որ կարծում եմ՝ այստեղ խնդիր չենք տեսնի: ԱԺ աշխատակազմի ղեկավարի և կառավարության աշխատակազմի ղեկավարի համար աշխատավարձի գործակիցը կարող է լինել նույնը, ինչ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի համար: Մի փոքր մտավախություն կա, թե արդյոք պատգամավորների կողմից մտավախություն չի լինի, քանի որ նրանց դրույքաչափը 10 է, բայց մենք ինքներս կարծում ենք, որ աշխատակազմի ղեկավարի դրույքաչափը պիտի 12 դարձվի», - ասաց նա՝ ընգծելով, որ եթե պատգամավորները հետագայում բարձրացնեն իրենց աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման հարցը, ապա այն կյանքի չի կոչվի, քանի որ բյուջեն նման հնարավորություն չի կարող ընձեռել: