29/05/2017 12:43
Զինվորների ջրահեղձման հետևանքով զորամասի հրամանատարն ու երկու տեղակալը հեռացվել են աշխատանքից
ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում երեք ժամկետային զինծառայողների ջրահեղձման դեպքով պաշտոնից ազատվել են զորամասի հրամանատարը և նրա երկու տեղակալները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
«Մի խումբ պաշտոնատար անձիք էլ ենթարկվել են կարգապահական տույժի», - նշեց նա։
Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:
Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի, Ռ.Մ.Բարսեղյանի և Ռ. Հ. Մնացականյանի մարմինները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: