29/05/2017 13:28
«Դասարանում միայնակ լինելը սխալ ա». Չինչինի միակ 9-րդ դասարանցին. Լուսանկարներ
Թուխ մաշկով, սև, խոշոր աչքերով 15-ամյա Դավիթ Քոչարյանը Տավուշի մարզի Չինչին գյուղի 9-րդ դասարանի միակ աշակերտն է: Դասերն անում է 10-րդ դասարանի 3 տղաների հետ. 45 րոպեանոց դասաժամը կիսում են Դավիթի և մյուս երեքի համար: Դպրոցում և ընդհանրապես, մասնագետների շրջանում ուսուցման այս մեթոդն ընդունված է անվանել «երկկոմպլեկտ»: Դավիթն ասում է, որ արդեն ծանոթ է 10-րդ դասարանի ծրագրին, ու հիմա սեպտեմբերից ստիպված է անցնել նորից:
«Ես միայնակ եմ իմ դասերն անում, պատասխանում: Իմ կարծիքով, դասարանում միայնակ լինելը սխալ ա, բայց քանի որ գյուղում իմ տարիքային խմբից երեխա չկա, դրա համար եմ մենակ: Կցանկանայի, որ գոնե մի քանիսը իմ հետ լինեին միևնույն դասարանից», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Դավիթը:
Ուսման մեջ դասարանում մրցակցություն չկա, և Դավիթն ասում է՝ «միջակ» է սովորում: «Առարկաներ կան, որ դժվարանում եմ սովորել», - արդարանում է նա:
Նպատակ ունի՝ ծրագրավորող դառնալ: Հարազատներն են խորհուրդ տվել: «Այն առարակները, որոնց մեջ պետք ա խորանամ, դրանց վրա եմ ավելի շատ ուշադրություն դարձնում՝ ինֆորմատիկա, հանրահաշիվ, հայոց լեզու, օտար լեզու», - նշում է Դավիթը:
Դավիթի դասղեկը աշխարհագրության ուսուցիչն է՝ Շահեն Գյուրջինյանը: Ասում է՝ դասարանում մեկ երեխայի ուսուցման հետևանքները ծանր են՝ չկա մրցակցություն, երեխան սոցիումից հեռու է, շփում չկա, և աշխատասիրության պակաս է առաջանում նրա մոտ:
«Հատկապես բացասական է, երբ դասարանում չկա աղջիկ, որովհետև աղջկա դերը հատկապես միջին ու բարձր տարիքում շատ մեծ է աշակերտների համար զգաստության առումով: Բայց ինչ արած: Սա է: Շատ ունենք միացյալ դասարաններ: Մի դասարանին հանձնարարությունը տալիս ես, անցնում ես մյուսին», - ասում է աշխարհագրության ուսուցիչը:
Այստեղ աղոթում են նույնիսկ, որ ստիպված չլինեն «եռակոմպլեկտ» ուսուցման անցնել: «Հարմարվել ենք էս սիտուացիային, Աստված եռակոմպլեկտից ազատի, որովհետև եթե էս տեմպերով գնաց, դա էլ է հնարավոր, քանի որ գյուղում բնական աճը շատ ցածր մակարդակի վրա է, արտագաղթողները շատ են, ծնելիություն չկա, երիտասարդները չեն ամուսնանում, ամուսնանալուց էլ թողում գնում են: Աշխատատեղ չկա», - նշում է ուսուցիչ Գյուրջինյանը: Նա հպարտանում է՝ շատ են բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած ու ընդունված շրջանավարտները. «Կրթական մակարդակը բավականին բարձր է»:
Չնայած այս ամենին՝ Չինչինի միջնակարգ դպրոցում շինարարություն է. Հայ օգնության ֆոնդը ֆինանսավորել է, և այդ միջոցներով վերանորոգում են ճաշարանը: ՀՕՖ-ի օգնությամբ կահավորվել են նաև տեխնոլոգիայի դասասենյակները՝ աղջիկներն ունեն կարի մեքենաներ, իսկ տղաները՝ փայտի փորագրության համար սարքավորումներ:
Փոխարենը մյուս դասասենյակները կահավորված չեն, ձմռանից հետո պատերին խոնավության հետքեր են մնացել, ջեռուցումն ապահովվում է փայտե վառարաններով: Դասասենյակների հին դռներին՝ անգույն, ճռճռան, տեսք են հաղորդել գունավոր թղթերով պատրաստաված թիթեռնիկներն ու ծաղիկները:
Դպրոցի միջանցքում խայտաբղետ զարդարանքների հետ դեռ պահպանվել է 2015-ից պատրաստված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով «Հիշում եմ և պահանջում» անկյունը:
Դպրոցի անշուք տեսքը, սակայն, չի խանգարում, որ երեխաները բակում անհոգ գնդակ խաղան: