29/05/2017 12:47
Եթե նոյեմբերից սկսվի վիզա-երկխոսության քայլը, երկուսուկես տարի հետո հնարավոր կլինի վիզա ազատականացում ունենալ. Ստեփան Գրիգորյան
Եթե իշխանություններն ունենան քաղաքական կամք, ապա ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ-ում մի շարք դրական փոփոխությունների ականատես կլինենք, նման կարծիք Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրման թիրախային ամիսը համարվում է նոյեմբերը: Տպավորություն է, որ պայմանագրի ստորագրումը ձգձգվում է: Ինչի՞ հետ եք սա պայմանավորում:
- Պայմանագիրը մարտ ամսին նախաստորագրվել է, դա նշանակում է, որ այս անգամ ի վերջո այն կստորագրվի: Իսկ նոյեմբերն ընտրվել է, որովհետև նոյեմբերին անցկացվելու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, և քանի որ պայմանագիրը պատրաստ է, նախաստորագրումը կատարվել է, շատ տրամաբանական է, որ այն նոյեմբերին կստորագրվի:
- Ակնկալվում է, որ պայմանագրի ստորագրմանը կհաջորդի վիզաների ազատականացումը: Ի՞նչ եք կարծում առաջիկայում սա իրականություն կդառնա:
- Հստակ կարող եմ ասել, որ ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի մեջ վիզային առնչվող հարցերը կլինեն: Հայաստանը և ԵՄ-ն հայտարարում են, որ Հայաստանը կարող է անցել վիզա- երկխոսության: Մենք հիմա առաջին փուլում ենք, որը կոչվում է վիզա հեշտացում, իսկ վիզա-երկխոսությունը երկրորդ քայլն է: Այն շատ կարևոր է: Կարծում եմ, որ եթե նոյեմբերից սկսվի վիզա-երկխոսության քայլը, և Հայաստանը հետևողական ռեֆորմներ իրականացնի, որի համար առաջին հերթին պետք է հակադիսկրիմինացիոն օրենսդրության ներդրում և կոռուպցիայի դեմ պայքար, ապա երկու -երկուսուկես տարի հետո հնարավոր կլինի վիզա ազատականացում ունենալ:
- ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ԵՄ-ի կողմից ՀՀ աջակցության հինգ առաջնահերթություն էր նշել, որում կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և դատական համակարգի բարելավման մասին էր խոսվում: Այս համակարգերում փոփոխության ականատես կլինե՞նք:
- Հույսով եմ, որ կլինենք: Շատ բան կախված է քաղաքական էլիտայի և իշխանությունների քաղաքական կամքից: Գիտենք, որ մի քանի օր առաջ հայտարարվեց, որ պլանավորվում է Հայաստանում ստեղծել հանձնաժողով, որը կպայքարի կոռուպցիայի դեմ: Մինչև այսօր ինչ տեսել եք, իմիտացիա էր, եթե հիմա հայտարարեցին, որ անկախ մարմին կստեղծեն, եթե դա խաղ չլինի, հանձնաժողովն անկախ լինի, դրանում լինեն անկախ հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք իշխանությունից կախվածություն չունեն, շատ իրատեսական կլինի և հնարավոր կլինի շատ արագ հաջողությունների հասնել: 3-5 տարվա ընթացքում մենք կտեսնեք և՛ պայքար կոռուպցիայի դեմ, և՛ ավելի լավ կառավարում:
- Առաջնահերթությունների մեջ Պ. Սվիտալսկին նաև առանջնացրել էր ընտրական համակարգի բարեփոխում: Հաշվի առնելով ընտրությունների վերջին փորձը՝ կարծում եք այս համակարգում փոփոխությունների ականատես կլինե՞նք:
- Նորից նույն խնդիրն է, թե արդյոք իշխանությունը կունենա քաղաքական կամք: Սվիտալսկին ակնհայտ նկատի ուներ ռեյտինգային համակարգը, հարց է, արդյոք կլինի քաղաքական կամք հրաժարվել մեծամասնական համակարգից և անցնել բազմակուսակցական քվեարկության: Եթե կամք լինի, մենք շատ արագ կտեսենք այդ իրագործումը, եթե կամք չլինի, ոչ մի բան էլ չենք տեսնի, և սա իմիտացիա կլինի: Պարզ է, որ այն աջակցությունը, որը ԵՄ-ն տալիս է էֆեկտիվ չի օգտագործվի, և արդյունքում այդ աջակցությունը կփոքրանա ու կփոքրանա, եթե կամք ցուցաբերենք ու նոր պայմանագրի ստորագրումից հետո ակտիվ աշխատենք, պարզ է, որ այդ արդյունքները կտեսնենք: