06/06/2017 12:12
ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ են. Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական չի ներկայացրել. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքում է, թե վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական է ներկայացրել, երկու անգամ էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունում իրավիճակը շատ նորմալ է, աշխատանքային է, արշալույսները մեզ մոտ խաղաղ են, ես չեմ պատրաստվում մամուլի ամեն մի անհեթեթություն մեկնաբանել, նման բան չկա, Կարեն Կարապետյանին մենք, կուսակցության խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրել ենք վարչապետ, ՀՀ նախագահն էլ նշանակել է, կառավարությունը ձևավորված է, շուտով Ազգային ժողովում քննարկելու ենք կառավարության ծրագիրը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկման՝ երեկվա ձեր հարցազրույցից հետո մամուլը գրել է, որ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ ան, ինչ ասել է երեկ, ասել է դասակարգային ճշմարտությունով։
«Այն, ինչ որ ասել եմ, ասել եմ դասակարգային ճշմարտությունով, քաղաքագիտությունից և քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդկանց խնդրում եմ կամ չաղավաղել քաղաքական դաշտն իրենց անիմաստ ենթադրություներով, կամ էլ կարծիք հայտնեն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ տիրապետում են քաղաքագիտական դասագրքային պատմություններին։ Ճշմարտությունը հետևյալն է՝ պառլամենտական համակարգում նախագահական ընտրություններ չեն լինում և իշխանության ձևավորումը առաջիկա հինգ տարիներում տրվում է այն ուժին, որին ժողովուրդը ձայն է տալիս, և եթե այդ ուժը չի կարող ունենալ 50+1 ձայն, բնականաբար, մենաշնորհը տրվում է կոալիցիային, ճիշտ է, մենք ունենք կոալիցիա, բայց պառլամենտական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի բավականաչափ քանակությամբ մանդատներ, որպեսզի մինչև 2022 թվականը ձևավորի, ազատի կամ վերաձևավորի նոր կառավարություններ ՝ նշանակելով, ընտրելով նաև վարչապետ», - ընդգծեց Է. Շարմազանովը։
Նա շեշտեց՝ քանի որ ապրիլի 2-ին ժողովուրդն իր ձայնը տվել է ՀՀԿ-ին, ուրեմն առաջիկա հինգ տարվա ընթացքում ՀՀԿ-ն է որոշելու՝ ով է լինելու վարչապետ, ով է լինելու ԱԺ նախագահը, փոխնախագահը, փոխվարչապետը և այլն։
«2018 թվականին նոր ընտրություններ չեն լինելու, ընտրությունները եղել ու ավարտվել են 2017 թվականին, քաղաքական ամբողջ սպեկտորը այլևս ձևավորված է, ընդդիմությունն ու մյուս կողքի ուժերը չեն գալու որոշեն», - ասաց ՀՀԿ խոսնակը։
Էդուարդ Շարմազանովը նշեց՝ կգա մեկի դուրը, թե չի գա, կառավարություն, իշխանության մարմիններ ձևավորելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին։
«Այդ վստահությունը օդից չի եկել, ժողովուրդն է այդ մանդատը տվել Հանրապետականին, ուստի՝ մեկի դուրը կգա, մեկի դուրը չի գա, 2018-2022 թվականներին, մինչև նոր ընտրություններ, ժողովուրդը տվել է ՀՀԿ-ին վարչապետ, կառավարություն, իշխանության մարմիններ ձևավորելու իրավունք», - ասաց Էդուարդ Շարմազանովը։