07/06/2017 14:24
Վաղվա եղանակի տեսությունն էլ չենք կարող տալ. Արմեն Ռուստամյանը՝ Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման մասին
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի շտապում կանխատեսել, թե արդյոք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել 2018 թվականից հետո:
«Կգա 2018 թիվը, կտեսնենք: Ես ձեր նման 15 տարի հեռուն չեմ կարողանում տեսնել: Վաղվա եղանակի տեսությունն էլ չենք կարող տալ, դուք ուզում եք գալիք 5 տարվա կանխատեսում տանք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց Ռուստամյանը:
Վերջինս նշեց, որ իրենց համար կառավարության դրական քայլերն այս ամիսների ընթացքում նկատելի են եղել, բայց կանխատեսումներ անելը դեռ վաղ է:
«Բավականին լուրջ քայլեր կատարվել են, տեսել ենք: Եթե չտեսնեինք ինչո՞ւ պիտի կոեալիցիա կազմեինք», - հավելեց նա:
Հարցին, թե արդյոք չկա մտավախություն, որ 2018-ից հետո վարչապետ կնշանակվի Սերժ Սարգսյանը, Ա. Ռուստամյանն ասաց.
«Այդ մտահոգությունը չգիտեմ՝ ում մոտ է տիրում: Նրանցից հարցրեք: Ես այդ մտահոգությունների վրա մեր մոտեցումները չեմ կառուցում: Մենք ունենք խնդիրներ, հետընտրական գործընթացներ, համատեղ հռչակված հուշագրով առաջնահերթություններ և այդ առաջնահերթություններն եմ տեսնում կառավարության գործունեության հիմքում»: