08/06/2017 13:44
Մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ, խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում, անհնարին է. Շավարշ Քոչարյան
Ղարաբաղյան հարցում արդյունք չի գրանցվի այնքան ժամանակ, մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի սպասելիքներից:
«Մենք մեկ սպասելիք ունենք և դա նոր չէ, որ միջնորդները վերջապես հասնեն նրան, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այսօր դրա մասին է միայն խոսքը և պատահական չէ, որ հենց Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ, խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում, անհնարին է», - նշեց նա:
Նրա խոսքով՝ այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ պայմաններն են, որ չկրակեն և սանդրանքներ չլինեն:
«Ա՛յ, դա կլինի արդյունքը», - հավելեց նա:
Անդրադառնալով հարցին, որ վերջերս ակտիվացել են խոսակցություներն պատերազմ վերսկսելու մասին՝ նա արձագանքեց. «Այդ խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ այդ սուրը անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, և նաև այն քայլերը, որոնք իրականացրել է շփման գծում՝ բարձրացնելով լարվածությունը, իհարկե դա մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, քանի որ երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են և պատասխանատու են աշխարհի ցանկացած մասում խաղաղության համար»: