08/06/2017 11:39
«Ֆիրդուսիի» շուկան դատարկվել է. Լուսանկարներ
Այսօր առավոտվանից Երևանի «Ֆիրդուսիի» շուկան դատարկ է։ Առևտրականները լքել են շուկան, այստեղ մնացել են միայն դատարկ տաղավարները։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշեցնենք, աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել էր բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում շուկայի առևտրականներն ասում էին, թե համաձայն չեն առաջարկվող պայմանների հետ, նրանք խնդրում են իրենց մինչև տարեվերջ ժամանակ տալ, որպեսզի կարողանան եղած ապրանքն իրացնել։
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, սակայն, առևտրականների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե մեկ շաբաթ պայմանական ժամանակ են տալիս, որպեսզի իրենք լքեն շուկան։
Այսօր արդեն «Ֆիրդուսի» շուկայի առևտրականները կառավարության շենքի առջև են հավաքվել: Կառավարության շենքից նրանք պատրաստվում են շարժվել դեպի Երևանի քաղաքապետարան: