21/06/2017 19:13
Այսօր ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակն է
Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հոբելյանական արարողությանը մասնակցոել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, հյուրեր:
Հանդիսության մասնակիցները ծանոթացել են զինտեխնիկայի և հատուկ միջոցների նմուշներին, որոնցով վերջին շրջանում հագեցվել են ոստիկանության զորքերը: Այնուհետև ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողություն է տեղի ունեցել:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հուշարձանի հեղինակ քանդակագործ Հովիկ Կոստանյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Մի խումբ զինծառայողներ ծառայողական և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար և ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության զորքերի կայացման ընթացքին և առաքելությանը:
Ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական և մարտական բարձր պատրաստականության համար և հոբելյանի առթիվ Զորքերի մի շարք զինծառայողներ արժանացել են խրախուսանքների:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված արարողություններն ավարտվել են հանդիսավոր երթով, որին հաջորդել է պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը: