22/06/2017 10:52
Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու. Աղվան Վարդանյան
ՀՀ կառավարության նոր ծրագիրը ոլորտ առ ոլորտ հարկ եղածից էլ ավելի մանրակրկիտ է, այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Քաղաքացին, քաղաքական ուժերը կարող են հետևել ծրագրի իրականացման ժամանակագրությանն ու ցանկության դեպքում` արածի ու չարածի հաշվետվություն պահանջել», - ասաց պատգամավորը:
Նա նշեց` ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են:
«Արմատական բարեփոխումները հանրության որոշ շերտերի համար կարող են ցավոտ լինել: Եթե կառավարությունը կարողանա հանրության գոնե մի մասի մոտ կոնկրետ ծրագրերով լավատեսություն, վաղվա օրվա հանդեպ հավատ ներշնչել` հասարակության առողջ հատվածը կմասնակցի բարեփոխումներին», - ասաց Աղվան Վարդանյանը` կառավարությանը ներկայացնելով մի քանի պահանջներ.
«Կառավարությունից պահանջում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին` ասում եք` կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարելու եք` պետք է գործնական քայլերով ապացուցեք, ասում եք` արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու` դարձյալ պետք է գործնականում ապացուցեք: Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու: Գործով` առանց աջ ու ձախ նայելու, առաջ գնալն այլընտրանք չունի», - ամփոփեց պատգամավորը: