22/06/2017 15:55
Հայաստանի արած քայլերը բավարար չեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Արամ Սարգսյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը դրական է համարում Հայաստանի հետ համագործակցելու ՆԱՏՕ-ի հետաքրքրվածությունը, մինչդեռ Հայաստանը բավականաչափ քայլեր չի անում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ակնհայտ է, որ տարածաշրջանում Վրաստանն ու Թուրքիան են ՆԱՏՕ-ի անդամ, և միակ պետությունը՝ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ է: Նախկինում ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ մտնելը փորձում էին արդարացնել ՆԱՏՕ-ական Թուրքիայից սպառնալիքները չեզոքացնելու համար, բայց բարեբախտաբար ՆԱՏՕ-ն սկսեց Հայաստանի հետ աշխատել և խնդիր չտեսավ, որ այն ՀԱՊԿ անդամ է», - նշեց Արամ Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ՆԱՏՕ մուտք գործելու համար Հայաստանը պետք է որոշ չափանիշների համապատասխանի. «Բայց այսօրվա հայաստանյան բանակը չի անում այդ քայլերը, որ իր կառուցվածքով ու մոդելով համապատասխանի ՆԱՏՕ-ի մոդելին»:
Ավելի վաղ, «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը նշել էր, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ոլորտում իրականացվելիք «Վստահության հիմնադրամ» ծրագիրը հաստատման փուլում է, իսկ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն էլ վստահություն էր հայտնել առ այն, որ վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին:
Նշենք, որ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում ամրագրված է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակման հարցը: