22/06/2017 18:38
Արտաշատում քաղաքապետ կընտրեն նոյեմբերի 5-ին
Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կկայանան 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Որոշման այս նախագիծը վաղը կառավարությանը կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մայիսի 16-ից, երբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հայտարարեց, որ վայր է դնում լիազորություններն ու ստանձնում պատգամավորական մանդատը։
Արտաշատի ղեկավարի արտահերթ ընտրության համար ժամկետ սահմանվել է 2017 թվականի նոյեմբերի 5-ը, քանի որ այդ օրը նշանակված է որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օր՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի №59-Ա որոշմամբ:
Արտաշատում, սակայն, դեռ որոշում չեն կայացրել, թե ում թեկնածությունն են առաջադրում քաղաքապետի պաշտոնում։
Փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում հերքել էր լուրերն այն մասին, թե ինքն է առաջադրվելու Արտաշատի քաղաքապետի պաշտոնում։
«Ոչ մի բան պարզ չէ, ոչ մի թեկնածու դեռ չի առաջադրվել, ընտրության օրն էլ դեռ որոշված չէ, ինչի՞ մասին է խոսքը», - Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր Գ. Պողոսյանը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունում, նույնպես, դեռ որոշում չի կայացվել՝ կառաջադրե՞ն թեկնածու Արտաշատում, թե ոչ։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ նման հարց կուսակցությունում չի քննարկվել։
Նա նշել էր, որ իրենց կուսակցությունը նման հարցերը թողնում է տարածքային, շրջանային ու մարզային կառույցի որոշումներին։