22/06/2017 10:39
Ժողովրդի թիվ մեկ խնդիրն իր կենսամակարդակի բարելավումն է, այլ ոչ թե այն հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018-ին. Կորյուն Նահապետյան
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհրդարանում այսօր, իր խոսքով, ջիգյարով պաշտպանեց կառավարության 2017 թվականի ծրագիրը։
«Այս ծրագիրն էապես տարբերվում է նախորդող բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերից՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ հստակությամբ, և թե՛ գերակայություններն ու առաջնահերթությունները իրականացնելու հստակ ժամկետներով», - ասաց նա։
Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրը համընդգրկուն է։
«Քաղաքական ճաշակի խնդիր է՝ ինչ ծավալ պետք է ունենա կառավարության ծրագիրը, յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում ծավալը, բայց, ըստ էության, կառավարության համար առաջնահերթ է, թե ինչպես է ձևակերպվում իր առաջնահերթություններն ու գերակայությունները», - նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ, իրականում, կառավարության այս ծրագիրն ունի այն ռեսուսները, այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին՝ առաջիկա տարիներին լրջագույն ձեռքբերումներ ունենալու համար։
«Իսկ, ըստ էության, ժողովրդի համար թիվ մեկ խնդիրն այս ծրագրի արդյունքում իր կենսամակարդակի բարելավումն է, այլ ոչ թե այն հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականին», - հավելեց Կ. Նահապետյանը։