22/06/2017 13:16
ՅՈՒՆԻՍԵՖ-ից հայտնել են Մոսուլում երեխաների զանգվածային սպանությունների մասին
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական կազմակերպության զինյալները կազմակերպում են այն ընտանիքների երեխաների սպանություններ, որոնք մտադրվել են հեռանալ Իրաքի Մոսուլ քաղաքից, հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), փոխանցում է «Интерфакс»-ը:
«Նրանք երեխաներին օգտագործում են որպես պատերազմ վարելու միջոց, որպեսզի մարդկանց թույլ չտան հեռանալ քաղաքից: Դա մեկ անգամ ևս վկայում է, թե որքան դաժան ու աղետալի է այս պատերազմը», - հայտարարել է Իրաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիտեր Հոքինսը:
Նա հայտնել է, որ կազմակերպությունն ունի փաստացի ապացույցներ, որ ահաբեկիչներն սպանում են երեխաներին, որպեսզի մարդկանց թույլ չտան հեռանալ Մոսուլից՝ այդ կերպ ահաբեկելով նրանց, ովքեր նման մտադրություններ ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալով՝ 2014 թվականին «Իսլամական պետության» կողմից Իրաքի տարածքի շուրջ մեկ երրորդի գրավման պահից ի վեր երկրում զոհվել է 1075 երեխա, ավելի քան 1,1 հազարը վիրավորել են: