22/06/2017 13:51
Ով մտածում է՝ ԿԸՀ-ն անվերապահ հեղինակություն ունի հայ ժողովրդի մոտ, կտրված է իրականությունից. Արամ Սարգսյան
Քաղաքականության մեջ դիվանագիտական ենթատեքստում բոլորն էլ դիտողություն անելու և կարծիք հայտնելու իրավունք ունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Հայտարարվեց, որ Սվիտալսկին խառնվում է մեր ներքին գործերին, բայց ԵՄ դեսպանը ներքին գործերին չի խառնվել: Այն մարդիկ, ովքեր հերոսաբար հակադարձում էին այդ դիվանագետին, մեղադրում ներքին գործերին խառնվելու մեջ, նման հերոսություն երբեք չեն ցուցաբերել, երբ Հայաստանը գազային պայմանագիր էր ստորագրում, որ մինչև 2043 թ-ը բացի «Գազպրոմ»-ից ուրիշ որևիցե մեկից չպիտի գազ առնի, բացի այդ էլ, Ռուսաստանի տարբեր դիվանագետներ, իրար հերթ չտալով, ով չի ալարել, Հայաստանի ինքնիշխանության կամ անելիքի մասին տեսակետ է ասել: Այդ ժամանակ իրենք այդքան խիզախ չեն եղել», - նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանությունները խիզախ են միայն այն դեպքում, երբ ընդդիմության հետ գործ ունեն կամ էլ վերևից թելադրանք կա:
Արամ Սարգսյանը նշեց, որ Պյոտր Սվիտալսկին ընդհանուր առմամբ խորհուրդ է տվել և ասել, թե ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանը և ինչպիսին է ԵՄ տեսալականը ժողովրդավարական Հայաստանի մասին, որի համար նրանք ֆինանսավորում են հատկացնում:
Ինչ վերաբերում է ԿԸՀ հասցեին Սվիտալսկիի հնչեցրած քննադատություններին, որը ևս իշխանության ներկայացուցիչների կողմից չընդունվեց, Արամ Սարգսյանը նկատեց.
«Ի՞նչ է, դեմ խոսողները համարում են, որ ՀՀ ԿԸՀ-ն անվերապահ հեղինակություն ունի՞ հայ ժողովրդի մոտ: Եթե իրենք էդպես են մտածում, իրենք կտրված են գործող իրականությունից», - ասաց նա:
Վերջինս նաև ընդգծեց, որ ԵՄ-ն իրեն ուղղված մեղադրանքները հաշվի կառնի, բայց, միևնույն ժամանակ, ԵՄ-ն ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված, որոնցից չի հրաժարվի:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ կազմում պետք է ներգրավված լինեն քաղհասարակության ներկայացուցիչներ: Սվիտալսկին նաև քննադատել էր ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ընտրությունները: