22/06/2017 17:39
Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցները համակարգչային սենյակներ ունեն
Վայոց ձորի մարզի բոլոր 50 դպրոցները նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած սենյակներ ունեն:
Ծրագիրը հնարավոր է դարձել Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության շնորհիվ. 2009թ.-ից Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին՝ նպաստելով երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելուն:
Հունիսի 22-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ Վայոց ձորի մարզի կրթական մեծ ծրագրի և հայ-հնդկական համագործակցության մասին:
Ասուլիսի բանախոսներն էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Հյուրերը խոսեցին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության 8 տարիների մասին: Համագործակցության առաջին ծրագիրը կայացել է 2009-ին. վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը: Երկրորդը 2012թ.-ին էր. Տավուշի մարզի 72 դպրոցներ համալրվել են համակարգիչներով: Երրորդ համատեղ ծրագրի ավարտը ազդարարվեց այսօրվա ասուլիսով: Ընդհանուր առմամբ՝ մոտ 7000 երեխա այս ուսումնական տարվա սկզբից կկարողանա օգտվել նորագույն համակարգիչներով հագեցած սենյակներից, աշխատել համակարգչային տարբեր ծրագրերով:
Վայոց ձորի մարզի կրթական այս ծրագիրը հնարավոր է դարձել Հնդկաստան-Հայաստան-«Հայաստան» համահայկական հիմնադրամ համագործակցության հետևյալ մոդելի միջոցով. Հայաստանի կառավարությունն իր վրա էր վերցրել Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների համակարգչային սենյակների վերանորոգումը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը զբաղվել էր սենյակների կահավորմամբ, իսկ Հնդկաստանի կառավարությունը մատակարարել էր համակարգիչներ, տպիչներ և այլ անհրաժեշտ տեխնիկա:
Ասուլիսին բանախոսներն անդրադարձան Վայոց ձորի մարզի կրթական ծրագրի կարևորությանը, իրականացման մանրամասներին, Հայաստանի և Հնդկաստանի շարունակական համագործակցությանը, ապագայում իրականացվելիք այլ ծրագրերին. Հնդկաստանի դեսպանը, պատասխանելով լրագրողի հարցին, իր երկրի կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց այլ մարզերում ևս իրականացնել նմանատիպ ծրագիր: