23/06/2017 09:55
«Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ. «Ժողովուրդ»
Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին՝ իշխող կուսակցությունը, կարծես թե, գոհ էր մնացել արդյունքից և որոշել էր իր ձևով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: «ժողովուրդ»-ի աչքից, սակայն, չեն վրիպել քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»:
«Ծառուկյան» և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին, սակայն պարզվում է, որ «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես, Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդել է, որ դեմ է քվեարկել: Թերթի այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացել է. «Էտ մուտիլովշիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, որ մոտեցել եմ, ասել եմ ու բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետև ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփականությունը չի ունենում»:
Թերթը նշել է, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որևէ ուղղում չկար: