23/06/2017 09:33
ԱԺ-ում «շշով խփելու» ՕԵԿ-ի մենաշնորհը ստանձնեց «Ելք»-ը. «Իրավունք»
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին: Վերջինս պարզապես չդիմացավ իր թիմակիցների մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հնչեցրած քննադատությանը և տեղից պայթեց. «Էսպիսի բաներ մեր մասին չասեք, շշով կտամ... պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք»: Իսկ Վահրամ Բաղդասարյանը հորդորեց կարգի հրավիրել «այդ երիտասարդին»:
Ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու սովորություն ունի: «Իրավունք»-ը հիշեցրել է, որ նախորդ գումարման ժամանակ էլ նույն Ն. Փաշինյանի հնչեցրած քննադատության ժամանակ տեղից բղավեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մասնավորապես ասելով. «Համբալ, շիշը կտամ գլխիդ»: Թեև սա և դրան հաջորդած մի քանի խիստ արտահայտություններ այդպես էլ չներվեցին տիկին Բիշարյանին, նաև որի արդյունքն էր իրենց քաղաքական ուժի տապալումը խորհրդարանական այս ընտրություններում:
Թե ինչպես են վերաբերվում ՕԵԿ-ականները, որ իրենց իսկ «հեղինակային» արտահայտությունները խորհրդարանում հնչում են «Ելքի» շուրթերից, «Իրավունք»-ը փորձել է պարզել հենց նրանցից, սակայն օրենսդիրը լքած նախկին ՕԵԿ-ական պատգամավորների հեռախոսները անհասանելի են եղել: