23/06/2017 17:08
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին կլինի շարունակական
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:
Դեսպանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ կլինի շարունակական:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ինչպես նաև քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք հարցեր: