23/06/2017 13:14
Գյուղնախարարությունը կքննարկի կարկուտից տուժած գյուղացիների վարկերի սառեցման հարցը. Փոխնախարար
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի գյուղատնտեսության ոլորտում ավելի քիչ վնասներ ունենք, ավելի քիչ տուժած համայնքեր կան, «Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
«Երբեմն վատի մեջ էլ պետք է լավը փնտրենք: Այո, ընդունում ենք, որ Արմավիրի մարզում 7 և ավելի համայնք տուժել է կարկտահարությունից, հողօգտագործողները բավականին մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում վնասները 100 տոկոսի են հասել, բայց ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի վնասներն ավելի քիչ են: Բնությունն այս տարի բարեհաճ է գտնվել կլիմայի առումով», - ասաց փոխնախարարը:
Նա հորդորեց արմավիրցիներին համբերատար լինել՝ նշելով, որ բացի Արմավիրից, կարկուտի պատճառով վնաս է հասցվել նաև հանրապետության այլ մարզերին, և այս պահին նախարարությունը գնահատում է կորուստների չափը:
Խոսելով փոխհատուցման մասին՝ Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ նախորդ տարի մայիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում վնասվել էր 158 համայնք, որի դիմաց գյուղացիներին փոխհատուցվել է ոռոգման ջրի վարձը և հողի հարկի զիջում է եղել: Փոխնախարարն ասաց, որ այս տարի ևս վերը նշված ջիզումները կարվեն, ինչպես նաև կքննարկվեն բանկերում գյուղացիների վարկերի սառեցման խնդիրները:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ առաջարկեց 100 տոկոսով փոխհատուցել հողի հարկի և ոռոգման ջրի վարձերը:
«Մենք առաջարկել ենք սառեցնել տոկոսադրույքների վճարումը, ինչքան երկար ժամանակով, այդքան լավ: Հնարավորության սահմաններում առաջարկել ենք գյուղատնետսական տեսություններին անվճար սերմնացուների տեսքով: Հուսով եմ, որ կառավարությունը կքննարկի ու համապատասխան լուծումներ կկայացնի», - հավելեց նա: