23/06/2017 15:08
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Մասնակցել է նաև բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Հանդիպմանը քննարկվել են բանկի աջակցությամբ էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ-ի դերը Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի զարգացման օժանդակության գործում.
«Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։ Վստահ եմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում», - նշել է նախարարը։
Աշոտ Մանուկյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ կատարվող քայլերին։
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ կարևորվել է համագործակցությունը հատկապես պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում։ Դիտարկվել են համակարգի մի շարք ընկերություններում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։
ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանին հայտնել է բանկի պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման և լրացուցիչ օժանդակության տրամադրման առնչությամբ։
Հանդիպումն անցել է փոխըմբռնման բարձր մթնոլոտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկել փոխգործակցության հնարավորությունները՝ քննարկված գրեթե բոլոր ծրագրերի վերաբերյալ։