23/06/2017 18:25
Երեխաները հիմնավորում են իրենց ընտրած քաղաքը, հետո ստուգարք հանձնում ինձ. Արամ Սարգսյանը՝ ամառային հանգիստը պլանավորելու մասին
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ամառային արձակուրդներն անցկացնում է ընտանիքի հետ: Ինչպես ինքն է նշում՝ երեխաներն առաջարկում են ուր գնալ, ապա քննարկում են ու որոշում կայացնում:
Aysor.am-ի՝ ամառային հանգստի մասին հարցերին այս անգամ պատասխանել է Արամ Սարգսյանը:
- 3 բան, որ պիտի հասցնել անել ամռան ընթացքում:
- Առաջինն ու ամեկարևորը՝ լավ հանգստանալ, որովհետև այս քարոզարշավը շատ երկար էր ու հոգնեցուցիչ: Երկրորդ... չեմ ուզում հանգստից դուրս երկրորդ ու երրորդ բանի մասին մտածել:
- Իր, որը պարտադիր բերում եք այցելած երկրից:
- Ինչ-որ բան պարտադիր բերում ենք, բայց երեխաներն են դա անում, տվյալ երկրին բնորոշ էնդեմիկ ինչ-որ բան են բերում: Դա հիմնականում մեծ իր չի լինում, որովհետև կինս միշտ բողոքում է, որ ճամպրուկի մեջ տեղ չի մնում շորերի համար (ծիծաղում է՝ հեղ.):
- 3 բան, որը վերցնում եք հանգստի գնալիս:
- Ակնոցս, Galaxy Tab-ս, որը ամենահներից է, բայց չեմ փոխում, սովորել եմ: Այն թերթեր կարդալու համար եմ վերցնում: Երրորդը… երրորդ չունեմ:
- Միայն կարդո՞ւմ եք, թե՞ ֆիլմեր էլ եք նայում:
- Չէ, ֆիլմեր չեմ նայում: Համացանցից հիմնականում օգտվում եմ մամուլ կարդալու համար: Այդ առումով մամուլաման եմ: Գործընկերներս զարմանում են, թե երբ եմ հասցնում: Գաղտնիքը հետևյալն է՝ Արարատ եմ գնում գալիս ու ճանապարհի մի ժամն էլ եմ օգտագործում կարդալու համար:
- Նշեք գիրք, որ պատրաստվում եք կարդալ այս ամառ:
- Ցավով պիտի ասեմ, որ վերջին հինգ ամսում, բացի շաբաթական 1-3 անգամ Աստվածաշունչ ընթերցելուց, բան չեմ ընթերցել: Ամեն տարի Հին ու Նոր կտակարանները սկզբից կարդում եմ, դա հանգստացնում է: Բայց այս ընթացքում գրքեր եմ նվեր ստացել ընկերներիցս: Աղվան Վարդանյանն այս այցելության ժամանակ նվիրեց իր գիրքը: Նախ ընկերներիս գրքերը պիտի կարդամ, որովհետև հաջորդ տեսնելուց պիտի կարծիք հայտնեմ, հետո համաշխարհային գրականության կանցնեմ, տեսնեմ՝ տղաս կամ աղջիկս ինչ խորհուրդ կտան:
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Ընտանիքիս հետ Շուշիի 25-ամյակին եղել եմ Արցախում: Բոլորս շատ հավանում ենք Արցախը, բայց քանի որ այս տարի արդեն եղել ենք այնտեղ, ամենայն հավանականութամբ ամառը կմեկնենք Եվրոպա:
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
- Ես ծովափ եմ շատ սիրում, բայց քանի որ ընտանիքում երեխաները դեռ ամուսնացած չեն, աշխատում եմ հնարավորության չափով աշխարհը ցույց տալ նրանց: Չգիտեմ՝ հետո այդ հնարավորությունը կունենան, թե չէ: Շատ տուրիստական ընտանիք ենք: Սկզբում գնում ենք քաղաք, որը չեն տեսել: Երեխաները հիմնավորում են, թե ինչու հենց այդ քաղաքը, հետո ստուգարք են հանձնում ինձ, ես էլ իմ հերթին եմ պատրաստվում (ծիծաղում է՝ հեղ.): Գնում ենք, ման ենք գալիս տուրիստի նման՝ ավտոբուսով, ոտքով, մետրոյով:
- Այս տարի ո՞ր քաղաքից են ստուգարք հանձնելու:
- Որոշել ենք անպայման լինել Ստրասբուրգում և Ցյուրիխում, քանի որ իրար մոտ են: Սկզբում կգնանք Ցյուրիխ, այնտեղից էլ ավտոբուսով Ստրասբուրգ:
- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև…
- Ամառը շատ եմ սիրում, որովհետև սիրում եմ շոգը: Ցուրտը տանել չեմ կարողանում:
- Եթե հանգիստ, ապա…
- Եթե հանգիստ, ապա տանը՝ իմ բազմոցին:
- Տեկիլա՞, թե՞ Մարգարիտա:
- Տեկիլա:
- Որքա՞ն ժամանակ է պետք իդեալական հանգստանալու համար:
- Քսան օր՝ տասը օր մեգապոլիսով ման գալու համար, տասը օր ծովափում: