23/06/2017 18:11
Եվրահանձնաժողովի նախագահ. Չեմ հասկանում, թե ինչ է ուզում Մեծ Բրիտանիան
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախնական հավաստիացումը, որ ԵՄ քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո ևս մնալ Մեծ Բրիտանիայում, բավարար չէ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գագաթնաժողովի երկրորդ օրը նրան հարցրել են, թե հասկացել է արդյոք, թե հատկապես ինչի է ուզում հասնել Լոնդոնը Brexit-ի արդյունքում: Այդ հարցին նա պատասխանել է հստակ՝ «ոչ»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ելույթում ասել է, որ ԵՄ քաղաքացին, որն ապրել է Բրիտանիայում 5 տարի, նոր ներգաղթյալի կարգավիճակ կստանա, նրան հասանելի կլինեն կրթությունը, բուժօգնությունը, սոցիալական արտոնությունները: Նա ասել է, որ մարդիկ արժանի են, որ վստահ լինեն իրենց վաղվա օրվան: Սակայն Յունկերը իր հերթին հայտարարել է, որ նրանք շատ ավելիին են արժանի:
Մեյը նշել է, որ իր առաջարկը կգործի միայն այն դեպքում, եթե նույնպիսի իրավունքներ տրվեն ԵՄ-ում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին:
Սակայն, ամենևին պարզ չէ, թե երբվանից է հաշվարկվելու հնգամյա ժամկետը: