23/06/2017 16:07
Պետք է փորձենք բարձրացնել պառլամենտի վերահսկողության կարողությունները. Թևան Պողոսյան
Միացյալ Թագավորությունն ունի լավ զարգացած խորհրդարանական վերահսկողության համակարգ, որի փորձառությունն օգտակար կլինի Հայաստանի համար, ՀՀ և Միացյալ Թագավարության միջև այսօր ստորագրված նամակ-համաձայնագրից հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
«Մենք Միացյալ Թագավորությունում նոր խորհրդարան ունենք, դուք այստեղ, և սա լավ հիմք է հինգ տարվա ընթացքում լավ համագործակցություն ծավալելու համար: Ծրագրի հիմնական նպատակները մի քանիսն են: Ինչպես գիտենք, ԱԺ նոր գործառույթներից մեկը կառավարության նկատմամբ վերահսկողության սահմանումն է: ՄԹ-ում մենք ունենք շատ լավ զարգացած խորհրդարանական վերահսկողության համակարգ և կարծում ենք, որ այս փորձառությունն օգտակար կլինի Հայաստանի համար», - ընդգծեց նա:
Դեսպանի խոսքով՝ ծրագրով նախատեսված են մի շարք հանդիպումներ ու սեմինարներ:
«Նոր խորհրդարանականների համար կողմնորոշման հատուկ միջոցառումներ և կանանց ֆոկուս խմբեր կլինեն», - ասաց դեսպանը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման ժամանակ փորձելու են բարձրացնել խորհրդարանի վերահսկողական գործառույթները:
Նրա խոսքով՝ ծրագիրն ունի առանձին բաժիններ նոր պատգամավորների և հանձնաժողովների հետ աշխատելու համար:
«Պետք է փորձենք բարձրացնել պառլամենտի վերահսկողության կարողությունները՝ օգտագործելով նաև Մեծ Բրիտանիայի փորձը, որը լավագույնն է աշխարհում», - ասաց նա:
Թևան Պողոսյանը նշեց, որ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից, դասընթացները կանցկացվեն մեծամասամբ տեղի մասնագետների կողմից ր հավելեց, որ ծրագրի իրականցման համար առաջին տարում նախատեսված է տրամադրել 150 000 ֆունտ: