23/06/2017 16:21
Իրաքի վարչապետն ասել է, թե երբ կհայտարարեն Մոսուլի ազատագրման մասին
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ առաջիկա օրերին արդեն կարելի կլինի հայտարարել Մոսուլի վերջնական ազատագրման մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Al Samuria-ին:
«Դա ընդամենը մի քանի օրվա հարց է, և մենք կհայտարարենք Մոսուլի ազատագրման մասին», - ասել է Ալ Աբադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Վարչապետը հավելել է, որ անհապաղ պատրաստվում են ձեռնամուխ լինել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից ավերված մի շարք պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներին. վերակառուցվելու են Նեմրութ և Խաթրա (Էլ Խադր) հնագույն քաղաքները, նաև Մոսուլի հայտնի ան Նուրի մզկիթի ալ Խադբա մինարեթը, որն ԻՊ գրոհայինները պայթեցրել էին անցած չորեքշաբթի:
Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել երկու տարուց ավելի: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերից: