23/06/2017 14:50
Լրագրողական կազմակերպությունները պահանջ են ներկայացրել իշխանություններին
Լրագրողական կազմակերպությունները այսօր, «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժման 2-րդ տարվա կապակցությամբ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ճնշելու համար փոքրաթիվ ոստիկաններ են պատժվել:
«Երևանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, ևս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո և տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու և այլ միջոցներով։
Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել և դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երևում են
վայրագություններ իրականացնող մի քանի տասնյակ իրավապահներ։
Հատկանշական է, որ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք առաջադրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ մեկ այլ՝ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում ու Սարի թաղում կիրառված լայնածավալ բռնություններից հետո, երբ ՀՀ նախագահը հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից։
Մինչդեռ, եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր։
Մենք՝ ներքոստորագրյալներս, ևս մեկ անգամ արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև 2016-ի հուլիսի 17-ից 30-ը Խորենացի փողոցում ու Սարի թաղում իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ և արձանագրելով, որ այդ իրադարձությունների քննության համար ձեռնարկած միջոցներն ու դրանց արդյունքները չեն համապատասխանում բռնությունների ծավալներին, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործերի նկատմամբ, ապահովել դրանց արդյունավետությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից», -ասված է կազմակերպությունների հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ