23/06/2017 11:36
«Դատական նիստից առաջ ճնշման ձև է». Արայիկ Խանդոյանին տեղափոխել են պատժախուց
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») հունիսի 21-ին տեղի ունեցած դատական նիստից հետո տեղափոխել են պատժախուց:
«Պատճառաբանում են, թե նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նա փոխանցեց, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վերցրել է իրը ու տեղափոխել պատժախուց: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել Խանդոյանի մոտ, փաստաբանն ի պատասխան ասաց, որ այդ մասին, եթե նպատակահարմար գտնի ՔԿՀ վարչությունը, կտեղեկացնի: Բայց նաև նկատեց, որ, իր կարծիքով, այդ իրը արգելված չէ:
«Սա միայն մի բանի մասին է խոսում. Առաջիկա դատական նիստից առաջ սա ճնշման մի ձև է», - նշեց փաստաբանը:
Նկատենք, որ հունիսի 21-ին մեկնարկել էր ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը, որը արտագնա անցկացվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, թեժ ընթացք էր ստացել, և մի քանի մեղադրյալներ դատավորի կողմից սանկցիաներ ստացան: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 28-ին: