23/06/2017 14:45
Վարձքերը շատ են, ոչ մի ներում. Հալեպահայ վարսավիր Րաֆֆին (Տեսանյութ)
49-ամյա Րաֆֆի Սիմոնյանը պատերազմի թեժ օրերին հեռացել է Հալեպից և արդեն մեկ տարի է՝ Երևանում է: Մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում մի փոքրիկ տարածք է վարձակալել ու զբաղվում է իր արհեստով: Ասում է՝ Հալեպում էլ է վարսավիր եղել,գործերը լավ են եղել, եկամուտը՝ գոհացնող: Սիրիական պատերազմը արագացրել է Րաֆֆիի՝ 1999 թվականից ունեցած ծրագիրը՝ հաստատվել Հայաստանում:
Սակայն այստեղ Սիրիայից տեղափոխված արհետսավորի համար հարթ չի եղել. ֆինանսական, հարկային խնդիրների առաջ է կանգնել: «Վարձքերը շատ են. տարածքի համար ամսական վճարում եմ 70 հազար դրամ, բայց հարկայինով ու այլ ծախսերով մոտ 110-120 հազար դրամ վարձ եմ տալիս», - ասում է վարսավիր Րաֆֆին:
Խոշոր եկամուտ դեռ չի ստանում, հաճախորդներ էլ քիչ ունի. օր է լինում 2-ն է, օր է լինում 10-ը, իսկ լինում է նաև, երբ ընդհանրապես հաճախորդ չի ունենում վարսավիր Րաֆֆին:
«Հոս՝ Հայաստանում, 5-6 ամիս ձմեռ է, ցուրտ է, գործերը բոլորը կսառին: Տարվա մեջ ընդամենը 5-6 ամիս կաշխատիս», - նշում է նա:
Դիմել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, սակայն չեն նվազեցրել հարկերը. «Կարմիր գիծ է, ոչ մի ներում, ըսավ անկարելի է»:
Հալեպում թողել է երեք եղբայրներին ու մորը. «Կապրին սովորական, մնացածներուն պես»: Երևանում ինքն ապրում է միայնակ: Ասում է՝ կփորձի ընտանիք կազմել, երբ ունենա սեփական տունը: «Ամենեն կարևորն ան է, որ տունը ապահովվի, որպեսզի կարենաս քայլ անիս», - նշում է Րաֆֆին:
Հնարավո՞ր է վերադառնա Հալեպ, հարցին արձագանքում է. «Հալե՞պ: Ո´չ: Կապրինք կոր»: