23/06/2017 14:39
Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ ԱԺ-ում զարգացմանն ուղղված ծրագիր կիրականացնի
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը այսօր ստորագրեցին նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր կիրականացնի:
Նամակ-համաձայնագրի ստորագրումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ընդգծեց, որ փաստաթուղթը նոր որակի համագործակցության կհանգեցնի:
«Նորացված սահմանադրությամբ ԱԺ-ին վերապահված լիազորությունները և ԱԺ դերի բարձրացումը ենթադրում է օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժովների և աշխատակազմի կարողությունների ամրապնդում: Այս առումով լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառությունը ցանկալի է մեզ համար», - նշեց ԱԺ նախագահը:
Իր ելույթում դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շեշտեց, որ ԱԺ-ի ընդլայնված լիազորությունները նաև մեծ պատասխանատվություն են բերում, ուստի Բրիտանիայի դեսպանատունը մեծ հաճույքով է ընդունել ԱԺ–ի հետ համագործակցության առաջակը:
«Հույս ունեմ, որ ծրագիրը սկիզբ կդնի Միացյալ Թագավարության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանական հարցերում համագործակցության սերտացմանը: ՀՀ նախագահի ու վարչապետի հետ քննարկումներից հասկացա, որ այս համագործակցությունը կյանքի կոչելու կամքն առկա է», - նշեց դեսպանը:
Վերջինս կոչ արեց խորհրդարանական բոլոր խմբակցություններին ակտիվորեն ներգրավվել ծրագրում՝ նշելով, որ ծրագիրն իրականացնող Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը մեծ փորձառություն ունի և դրա հետ համագործակցությունն արդյունավետ կլինի: