23/06/2017 15:24
Պետք է գտնել այն մարդուն, ով նախագծել է օնկոլոգիական կենտրոնը, և ստիպել նրան այնտեղ գոնե երեք օր անցկացնել. Նախկին նախարար
Սեփականաշնորհում տերմինը և գաղափարը առողջապահությանը չի համապատասխանում, Aysor.am-ի հետ զրույցում խոսելով բուժհաստատությունների մասնավորեցման ծրագրի մասին՝ ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։
«Ավելի ճիշտ կլինի խոսել ապապետականացման մասին», - ուղղեց նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ ապապետականացումից խուսափել պետք չէ, այդ երևույթին պետք է առողջապահության համակարգի կառավարման օպտիմալացման ենթատեքստում նայել։
«Շատ է խոսվում օնկոլոգիական կենտրոնի մասին, և ասում են, օրինակ՝ դե, օնկոլոգիական կենտրոնն ինչ մասնավորեցնենք։ Խորհրդային տարիներին ով որ կառուցել է այդ օնկոլոգիական կենտրոնը, ով նախագծել է, պետք է գտնել այդ մարդուն և ասել, դե արի ու այս կենտրոնի որևէ հիվանդասենյակում գոնե մի երեք օր անցկացրու։ Երկու գերեզմանների արանքում մահացող մարդկանց հիվանդանոց են կառուցել։ Դա անելո՞ւ բան է, որ հիմա էլ ասում են, թե ոնց կլինի մասնավորեցնեն», - ասաց Արարատ Մկրտչյանը։
Վերջինս նշեց, թե յուրաքանչյուր բուժհիմնարկի ապապետականացման հետ պետք է լուրջ ծրագիր ունենան մշակած։
Մկրտչյանն անդրադարձավ նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի մասնավորցման հարցին։
«Նախկին նախարար Նորայր Դավիդյանի ղեկավարած բուժհիմնարկն է, հիմա դրա պետական լիազորություններ կատարելու կարևորությունը ո՞րն է, ի՞նչ կարևոր է, թե պատերն ում են պատկանում։ Ամբողջ աշխարհում ընդունված է՝ այդ պատերը սեփականատեր ունեն։ Պետությունը եթե գտնում է, որ օնկոլոգիական ծառայություն է պետք, պատվերը կարող է ձևակերպել և ծառայությունը կկատարվի։ Ի՞նչը պետք է պետական լինի, շե՞նքը, ի՞նչ անեն այդ պետական շենքը։ Շենքը պետական լինի, պետության կողմից նշանակված գլխավոր բժիշկ լինի, փող չտանք, աշխատավարձ չտանք, ասենք, թե՝ ոչ, այս գործը կարևոր է, պետական է, պետք է անել։ Այդպես 70 տարի տեսել ենք՝ չի արվել, առողջապահությունը փլվում էր։ Հիմա կարող եք մտնել ցանկացած ապապետականացրած բուժհիմնարկ՝ Նաիրի, Էրեբունի, Իզմիրլյան թե որևէ այլ կենտրոն, կտեսնեք, թե սպասարկման ինչ որակ կա», - նշեց Մկրտչյանը։
Դիտարկմանը, թե հաճախ քաղաքացիների կողմից դժգոհություններ են հնչում, որ պետպատվերի դեպքում ուղղորդում են «օլիգարխ» սեփականատեր ունեցող բուժհաստատություն, Արարատ Մկրտչյանն արձագանքեց.
«Դա ուրիշ բան է, որը կապված չէ սեփականաշնորհման ձևի հետ։ Դա ֆինանսավորման գործառույթների և ՀՀ-ում գործող գնումների մասին օրենքի չիրականացնելու հետևանք է։ Մեր երկրում գործում է գնումների մասին օրենք, որով պետական ֆինանսական միջոցներով քաղաքացիների համար ձեռքբերվող ծառայությունները պետք է իրականացնել մրցույթով։ Այնտեղ, որտեղ շատ են բուժհիմնարկները, այդտեղ պետք է մրցույթ անցկացնել։ Երևանում այնքան բուժհիմարկ կա, որ դրանց կեսից ավելին եթե փակվի, քաղաքացիները չեն էլ զգա»։