23/06/2017 15:14
Ջրաշենում փակ ճանապարհ չկա, իսկ ծիրանի մթերման հետ կապված խնդիրները լուծվել են. գյուղապետ
Մամուլում տեղ գտած լուրերն այն մասին, որ Ջրաշենի ճանապարհները փակ են և ծիրանի մթերման հետ կապված խնդիրներ են ծագել գյուղացիների և մթերողների միջև, մասամբ են համապատասխանում իրականությանը:
Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի հետ, ով պատմեց, որ ծիրանի մթերման հետ իսկապես եղել են խնդիրներ, բայց հիմա լուծվել են:
«Խնդիրը գների հետ էր կապված, այսինքն՝ մթերողներն ահնատ մարդիկ են, ովքեր միանգամից մթերման գինը էժանացրել էին, իսկ հարցը լուծեցինք՝ կանչելով այլ մթերողների», - ասաց նա:
Անդրադառնալով ճանապարհներին՝ նշեց, որ իրականում փակ է եղել միայն դաշտ տանող ճանապարհը, այս պահին, սակայն, որևէ փակ ճանապարհ իրենց գյուղում չկա:
Իսկ լուրերն այն մասին, որ մթերողին գյուղացիները ծեծի են ենթարկել, հերքեց՝ նշելով՝ «նման բան չկա»: