23/06/2017 18:20
Ջրաշենցիների ծիրանի մթերման խնդիրը կարգավորվել է. գյուղատնտեսության փոխնախարար
Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչների ծիրանի մթերման խնդիրը արդեն կարգավորվել է, այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա տեղեկացրել է, որ կապ է հաստատվել համայնքապետի և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ, որոնք տեղեկացրել են, որ 10 ընկերություն արտահանում են իրականացնում համայնքից, որոնցից երկուսն առավոտյան որոշում են կայացրել իջեցնել գները, արդյունքում՝ գյուղացիները հրաժարվել են նրանց ծիրան հանձնել և այն բաշխել են մյուս ընկերությունների միջև:
«Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշել է, որ ընկերությունը հիմնականում մթերումներ է իրականացնում Արարատի մարզի մի շարք համայնքներում, օրերս սկսել են մթերման գործընթացը: Նրա խոսքով՝ արդեն մթերվել է 300 տոննա ծիրան, նախատեսվում է ամբողջ տարվա կտրվածքով մթերել 6-7 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա շուրջ 5 հազար տոննայի դիմաց:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն իր հերթին տեղեկացրել է, որ արտահանման սեզոնի մեկնարկին զուգահեռ ծառայությունն իր բոլոր սահմանային հսկիչ կետերում և մաքսային պահեստներում ներդրել է «մեկ պատուհան» սկզբունքը, ինչը զգալիորեն դյուրացնում է արտահանման և ներմուծման գործընթացը:
Նա նաև հավելել է, որ ծառայությունն ակտիվորեն համագործակցում է Ռոսսելխոզնադզորի հետ արտահանման ընթացքում առաջացող խնդիրների շուտափույթ լուծման և կարգավորման ուղղությամբ:
Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ փոխնախարարը զեկուցել է, որ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղբանջարեղեն, որի հիմնական մասը` դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բացի այդ, ավելի քան 1000 տոննա ծիրան արդեն արտահանվել է ՌԴ: Զգալի աճ է գրանցվել հատկապես ելակի արտահանման ծավալներում՝ շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալները: