23/06/2017 13:23
Ներդրումների ծավալի մոտավորապես 37-40 տոկոսն արդեն իրականացվել է. Սուրեն Կարայան
Ներդրումների ծավալի մոտավորապես 37-40 տոկոսն արդեն իրականացվել է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հարցին, թե ովքե՞ր են ներդրումներ անողները, նախարարը նշեց, որ իրավասու չէ անուններ հրապարակել, քանի որ դա առևտրային գաղտնիք է:
Անդրադառնալով Տաջիկստանի պատվիրակության Հայաստան կատարած այցին՝ Սուրեն Կարայանն ասաց, որ իրենք համագործակցության ակնկալիք ունեն, որպեսզի ապրանքաշրջանառությունն աճի:
«Կոնկրետ ոլորտների մասով ունենք պայմանավորվածություններ: Մոտ ժամանակներս՝ օգոստոսի վերջ, սեպտեմբերին, նորից տաջիկական կողմից այց կլինի, նաև մենք այց կկատարենք: Միևնույն ժամանակ մենք բիզնես ֆորում իրականացրեցինք, որի արդյունքում 8-9 պայմանագիր ստորագրվեց կազմակերպությունների կողմից», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ պայմանավորվածությունները վերաբերում են հիմնականում գյուղմթերքի վերամշակման ոլորտին և ՀՀ-ից որոշակի ապրանքի արտահանմանը:
«Համագործակցության լուրջ հեռանկար ունենք ոսկեգործության և ադամանդագործության բնագավառում», - ասաց նախարարը։
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, թե եթե Հայաստանում ազատ մրցակցային պայմաններ լինեն, ներդրումները շատ կլինեն, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ պայմանները կան, սակայն հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար անընդհատ քայլեր են ձեռնարկում:
«Ներդրողները կգայթակղվեն, Հայաստանում ներդրումներ կատարելով, կգան կներդնեն և դուք էլ կտեսնեք», - վստահեցրեց նախարարը։
Հարցին՝ կարող ենք ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել՝ այո»:
Ինչ վերաբերում է ԵՄ-ից ներդրումներին, նախարարն ասաց, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, եվրոպական երկրներից բազմաթիվ գործընկերներ այցելում են Հայաստան:
«Հայաստանի ներդրումերի ակումբը ներկայումս ուսումնասիրությունները մոտեցնում է ավարտին և մոտ ժամանակ իրենք կհրապարակեն, թե որ ոլորտնրում են իրականացվում ներդրումներ: Դեռ կես տարին առջևում է, որը քիչ չէ», - հավելեց նախարարը: