23/06/2017 12:40
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատը նորոգումից հետո կունենա նոր բեմահարթակ ու լուսային էֆեկտներ
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի համերգային դահլիճում վերանորոգման-վերակառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ ամսվա սկզբին, տեղեկացնում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից:
Շինհրապարակում այժմ աշխատանքների առաջին փուլն է ընթացքի մեջ: Քանդմանը զուգահեռ կատարվում է մասնակի ձևափոխում:
Նախագծի համաձայն, վերափոխվելու է համերգասրահի բեմահարթակը, տեղադրվելու են նոր լուսաձայնային էֆեկտներ: Դահլիճից հանվել են նստարանները, հին ջեռուցման համակարգերը:
Ծրագրով նախատեսված 400 տեղանոց դահլիճը կհամալրվի նոր, ժամանակակից նստելատեղերով: Իսկ ահա ջեռուցումը կիրականացվի օդային ջեռուցիչ համակարգով:
Նախագիծը համաձայնեցվել է Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ:
Աշխատանքներն իրականացվում է պետական միջոցներով, ,«Շինվեր պլյուս» ՍՊԸ շինկազմակերպության կողմից: Պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն Քաղաքաշինության նախարարությունն է: