23/06/2017 15:52
Սքոթլանդ Յարդը բացահայտել է լոնդոնյան հրդեհի պատճառները
Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում տասնյակ մարդկանց կյանք խլած ուժեղ հրդեհը բռնկվել է անսարք սառնարանի պատճառով: Այդ մասին հայտարարել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ֆիոնա Մաքքորմեկը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հրդեհը բռնկվել է Hotpoint սառնարանի պատճառով», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ խոսքը FF175BP մոդելի սառնարանի մասին է, այժմ արտադրող ընկերությունը փորձաքննություն է իրականացնում:
Մաքքորմեկն ասել է, որ ոստիկանությունն ակտիվ գործակցում է էներգետիկայի դեպարտամենտի հետ:
«Մենք գիտենք, որ միտումնավոր հրկիզում չի եղել, նաև գիտենք, որ այդ տիպի սառնարանները երբեք վաճառքից չեն հանվել», - ասել է նա:
Նա խնդրել է քաղաքացիներին, որոնք տեղեկություններ կամ լուսանկարներ ունեն պատահարի վայրից, ներկայացնել դրանք ոստիկանությանը: