23/06/2017 18:48
Վահան Շիրխանյանի վարկածով, նախկին դաշնակցական դատավորը իր հետ հին հաշիվներ է մաքրում. փաստաբանը կդիմի ԱԽ
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատավոր Արմեն Բեկթաշյանի դրսևորած վարքի համար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը դիմելու է Արդարադատության խորհրդին: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հայկ Ալումյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դատարանում սայլակին գամված ամբաստանյալ Վահան Շիրխանյանը դատավորի՝ դահլիճ մտնելիս չէր կարողացել ոտքի կանգնել, և դա զայրացրել էր դատավոր Բեկթաշյանին ու նա որոշեց սանկցիա կիրառել Շիրխանյանի նկատմամբ: Սկզբում Բեկթաշյանը նախազգուշացրեց Շիրխանյանին ոտքի չկանգնելու համար, այնուհետև երեք ժամով հեռացրեց նրան դահլիճից: Իր պաշտպանյալի հեռանալուց հետո, դահլիճից հեռացավ նաև փաստաբան Ալումյանը, ինչը էլ ավելի զայրացրեց դատավորին և վերջինը որոշեց փաստաբանին պատժելու համար դիմել Փաստաբանների պալատ:
Հայկ Ալումյանը մեզ հետ զույցում պատմեց, որ դատարանի միջանցքում Բեկթաշյանը կոպիտ վերաբերմունք է դրսևորել Շիրխանյանի նկատմամբ՝ գոռգոռալով նրա վրա:
«Ի պատասխան նրա կոպիտ տոնի՝ ես որոշել եմ դիմել Արդարադատության խորհուրդ: Դա ամենևին էլ պատասխան չէ այն բանի, որ ինքը դիմում է Փաստաբանների պալատ, ես էլ դիմեմ Արդարադատության խորհուրդ: Ո՛չ: Անկախ նրա՝ Փաստաբանների պալատ դիմել-չդիմելու հանգամանքից, հենց այդ տոնը լսեցի, որոշեցի դիմել ԱԽ: Նա ոստիկաններով շրջապատված, ինքն էլ հաղթանդամ մարդ, 70 տարեկան աթոռին գամված մարդու հետ խոսում էր գոռգոռալով ու վիրավորում էր նրան: Այդ պահվածքը, ամեն դեպքում, դատավորին սազական չէր», - ներկայացրեց Ալումյանը:
Հարցին, թե արդյոք դատավոր Արմեն Բեկթաշյանը Շիրխանյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունի, ինչն էլ հիմք է տվել նման վարքագիծ դրսևորել, Ալումյանը պատասխանեց, որ «ավելորդ ջղայնություն» է այսօր տեսել Բեկթաշյանի մոտ:
«Մենք՝ բոլոր փաստաբաններս, նրան համակրանքով ենք վերաբերվել, որովհետև ինքը միշտ իրեն ծանր է պահել, միշտ հավասարակշռված է եղել: Բայց այս դեպքում, մի քիչ իր սովորական բնավորությանը հակառակ դրսևորեց: Ես չեմ հասկանում խնդիրը որն է: Բայց պարոն Շիրխանյանը դա վերագրում է նրան, որ պարոն Բեկթաշյանը, նախկինում լինելով դաշնակցություն կուսակցության անդամ, իսկ ինքը՝ Շիրխանյանը, այդ կուսակցության համար եղել է անցանկալի անձ և նրանց ցուցակում է եղել որպես ֆիզիկապես վերացնելու ենթակա անձ: Հիմա պարոն Շիրխանյանը այդտեղ է փնտրում հնարավոր պատճառը: Ես, իհարկե, չէի ցանկանա այդպես մտածել», - ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանն ասաց, որ Շիրխանյանն ունի առողջական խնդիր, որը հաստատվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ և այդ պատճառով էլ նիստին ներկայանում է սայլակով:
Հայկ Ալումյանի պնդմամբ, այսօրվա նիստում դատավոր Արմեն Բեկթաշյանը առնվազն երեք խախտում է թույլ տվել՝ հայտարարելով, թե կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Վահան Շիրխանյանի համար հանրային պաշտպան ներգրավելու համար:
«Նախևառաջ ես վարույթից հեռացված չեմ և եթե ես վարույթից հեռացված չեմ, ապա ինձ փոխարինելու հարց չի կարող քննարկվել: Բացի այդ, վճարունակ անձի համար հանրային պաշտպան չեն ներգրավում, հանրային պաշտպանի ինստիտուտը նախատեսված է անվճարունակ անձանց համար: Եվ դատավորի կողմից թույլ տված երրորդ խախտումը անձի ցանկությունը անտեսելն է՝ նույնիսկ անվճարունակ անձը կարող է ասել, որ չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ: Միգուցե դատավորը պահի տակ ճիշտ չի կողմնորոշվել: Մենք չէինք ուզենա նրան այդպես տեսնել», - ասաց Ալումյանը:
Զինված խմբի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին: